Կունենանք բեռնափոխադրման այլընտրանքային ճանապարհներ, երբ Վերին Լարսի ավտոճանապարհը փակ լինի. Տիգրան Ավինյան
25.05.2018 աղբյուր : www.aysor.am
Կունենանք բեռնափոխադրման այլընտրանքային ճանապարհներ, երբ Վերին Լարսը փակվի: Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Կարող ենք արձանագրել եւս մեկ դրական տեղաշարժ՝ տնտեսության եւ տրանսպորտի ոլորտների համար:
Երեկ Ռուսաստանի Դաշնության եւ Վրաստանի ներկայացուցիչները հանդիպել են Պրահայում եւ քննարկել 2011թ.-ին կնքված «Մաքսային վարչարարության եւ ապրանքի առեւտրի մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի կիրառկման մանրամասներ: Կողմերը համաձայնություն են ձեռք բերել որ Աբխազիայի, Հարավային Օսիայի տարածքներում բեռների մաքսային վերահսկողության համար պետք է ձեւավորվի եռակողմ հանձնաժողով` Վրաստանի, Ռուսաստանի եւ շվեյցարական SGS ընկերության ներկայացուցիչներից:
Համաձայնագրի կյանքի կոչվելու պարագայում մենք կունենանք բեռնափոխադրման այլընտրանքային ճանապարհներ՝ այն դեպքերում, երբ Վերին Լարսի ավտոճանապարհը փակ լինի:
Համաձայնագրի իրականացման մասին ենք նաեւ զրուցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ մայիսի 14-ին Սոչիում կայացած հանդիպման ժամանակ:
Մենք բարձր ենք գնահատում կողմերի պատրաստակամությունն ու ջանքերը մեզ համար չափազանց կարեւոր այս պայմանագրի իրականացման ուղղությամբ»: