Բեռնափոխադրման և մաքսազերծման նոր գործընթացը հօգուտ ՓՄՁ–ների է. Տիգրան Հովհաննիսյան
19.07.2017
Փոքր և միջին ձեռնարկատերերի շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունները տարակարծիք են պետական եկամուտների կոմիտեի կազմակերպվող բեռնափոխադրման և մաքսազերծման նոր գործընթացի վերաբերյալ:
Նշենք, որ Պետեկամուտների կոմիտեն զրկել է կարգոներին մաքսազերծման ֆունկցիա իրականացնելու հնարավորությունից՝ թույլ տալով նրանց միայն տեղափոխել տնտեսվարողների բեռները։ Մաքսազերծումն այսուհետ իրականացնելու է նոր ընկերությունը, որը գործելու է ՊԵԿ վերահսկողության ներքո:
Կարգոներն այն ընկերություններն են, որոնք Թուրքիայից, Չինաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից և այլ երկրներից մեծ ծավալի ապրանքների տեղափոխմամբ և մաքսազերծմամբ են զբաղվել։
«Ձեռներեցների կոնֆեդերացիա» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանի կարծիքով՝ այն, ինչ-որ իրականացվում է ՊԵԿ-ի կողմից, հօգուտ ՓՄՁ-ների է:
«Կոչ եմ անում ՓՄՁ-ներին օգտվել սրանից, ինքնուրույն սկսել գործել, ինքնուրույն վարել իրենց գործունեությունը: Փոքր և միջին ձեռներեցներին հնարավորություն է տրվել այլևս ավելի թանկ գնով չգնել խոշորից, ներկրողներից: Ինքնուրույն ներկրեք, ինքնուրույն մաքսազերծեք, եկեք դրանից օգտվենք»,- ասաց նա:
Ըստ Հովհաննիսյանի՝ Փոքր և միջին ձեռներեցների 80 տոկոսը կախում ունի կարգոներից: Կարգոն ստանձնում է ապրանքը Հայաստան տեղափոխելու, մաքսազերծելու գործը, որը անհամեմատ ավելի թանկ գնով:
«Հայաստանի տոնավաճառներ» ՀԿ նախագահ Գագիկ Դանիելյանը համակարծիք չէ գործընկերոջ հետ: Նրա համոզմամբ՝ մանր ձեռնարկատերը չի կարող արտերկրից ինքնուրույն ապրանք բերել, կարող է միայն մաքսազերծում անել:
«Կառավարությունն այդքան գործ չի անում մեզ համար, որքան կարգոները: Կարգոները պետք է չփակվեն, եթե իշխանություններն ուզում են առևտրականների համար լավ բան անել, թող այլընտրանք թողնի: Մենք օգտվենք, որն է մեզ ձեռք տալիս, դրանով էլ տեղափոխենք ապրանքը, չստիպեն մեզ»,- ասաց Դանիելյանը:



.jpg)
